Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Ամրոց " Բերդաքար "
Ամրոց " Բերդաքար " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Առաքել գյուղ
Ժամանակը՝   7-13-րդ դարեր

Ամրոցը կառուցվել է կրաքարով, մոտավորապես 7-րդ դարում: Ամրոցապատերն ունեն 2.1-ից 3.3 մ հաստություն և մինչև 3-4 մ բարձրություն: Հյուսիսային կողմից ձգվում է մոտ 400 մ, հարավ-արևմտյան և արևելյան հատվածներում տեսանելի են համեմատաբար ավելի շատ ավերակներ: Ամրոցի հյուսիսային պարսպապատի վրա եղել են 6-7 աշտարակներ, որոնք ներկայումս ավերված են: Հուշարձանը տեղացիների մոտ հայտնի է <<Ղլեն քար>> անվամբ: 1904թ. քարտեզում կրում է << Սանգյար >> անունը, հետագայում անվանափոխվել և դարձել է << Կարմրաքար >>:

Մանրամասն...
Ամրոց " Դիզափայտ "
Ամրոց " Դիզափայտ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դարեր

Ամրոցն ընդգրկում է մոտ 2հա տարածք, մուտքն արևմտյան կողմից է, պարսպված, որի եզրագծերով ներքուստ կան 8 շինություն, ամրոցի տարածքում կան մի շարք կացարաններ, որոնց հետքերը պահպանվում են:

Մանրամասն...
Ամրոց " Բերդահոս "
Ամրոց " Բերդահոս " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Խանձաձոր գյուղի այս հնամենի ամրոցը տեղակայված է գյուղից հյուսիս, մի բարձրադիր, ձվաձև բլրի վրա: Գագաթնամասը հարթ է, զբաղեցնում է ոչ մեծ տարածություն: Ամրոցն ունեցել է կրկնապարիսպներ, որոնք շրջափակել են բլուր-բարձունքի հյուսիսային և արևմտյան հատվածները: Վերին շրջապարսպից ներկայումս պահպանվում է 8մ երկարությամբ հատված, իսկ երկրորդ գիծ կազմող ստորին շրջապարսպից՝ մինչև 12մ երկարությամբ և 1մ բարձրությամբ մի ավերակված պատ: Առաջին և երկրորդ շրջապարիսպների միջև եղած հեռավորությունը 13-14մ է: Տեղում կատարված ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է ոչ միայն ամրոցի հիմնադրման և գոյատևման ժամանակը (9-13-րդ դդ.), այլև բուն նպատակը, որը, ինչպես պարզվում է, հիմնականում դիտակետի դեր է խաղացել՝ որոշակիորեն նպաստելով պատմական այս նշանավոր ռազմավարական տեղավայրի պաշտպանունակությունը:

Մանրամասն...
Ամրոց " Հովհաննեսի բերդ "
Ամրոց " Հովհաննեսի բերդ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մարիամաձոր գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Հուշարձանն ունի արևելք-արևմուտք ուղղվածություն: Ամրոցապատերը տեղադրված են լեռան շրջագծով: Ինչպես վկայում են ի հայտ բերված խեցեղենի և այլ իրերի մնացորդները այն եղել է ամրոց-բնակավայր: Ներքուստ հարթ է, կան տնատեղերի, զանազան շինությունների փոսորակներ և ավերակներ: Արևելյան վերնակողմում պահպանվել է 10-12մ բարձրությամբ աշտարակը:

Մանրամասն...
Ամրոց " Գտչաբերդ "
Ամրոց " Գտչաբերդ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   9-18-րդ դարեր

Արցախի հնագույն և անառիկ ամրոցներից մեկն է: Գտնվում է Գտիչ լեռան վրա: Արևմուտքից և հարավից շրջափակված է ժայռազանգվածներով, իսկ արևելյան կողմից եղել է պարսպապատ, որը ներկայումս մասամբ պահպանվել է: Թովմա Արծրունու վկայությամբ Դիզակի իշխան Եսայի Աբու-Մուսեն 9դ. արաբական արշավանքների ժամանակ Տողասարի գագաթին ստեղծեց մի այնպիսի հզոր պաշտպանական համակարգ, որը անառիկ մնաց դարեր ի վեր և ոչ մի թշնամու չհաջողվեց գրավել այն: Ամրոցի տարածքում պահպանվել են բազմաթիվ շինությունների մնացորդներ, գերեզմանոցը, ինչպես նաև մի գետնափոր, իսկ վերևի մասում ժայռի ամենաբարձրադիր վայրում՝ եկեղեցին, որ կրում է " Թեժ " անվանումը:

Մանրամասն...
Ամրոց " Ղլեն քար "
Ամրոց " Ղլեն քար " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   7-13-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է անտառապատ լեռնաշղթայի ընդհանուր գծից վեր բարձրացող ու շրջապատի վրա իշխող սեղանաձև ժայռի վրա: Սեղանաձև ժայռին է գտնվում միջնաբերդը: Միջնաբերդանիստ ժայռազանգվածի սրածայր մակերեսը արհեստականորեն հարթեցվել ու լայնեցվել է եզրագծերով շարված բազմաստիճան պարիսպ-հենապատերով: Գագաթին ստացվել է եռաստիճան էլիպսաձև մակերես, ուր պահպանվել են երկու մեծ և մի քանի փոքր սենյակների ավերակներ: Դեպի բնակավայր ու միջնաբերդ տանող բոլոր մատչելի անցումները փակված են, իսկ որոշ տեղերում երկու շարք պարսպապատերով:

Մանրամասն...
Ամրոց " Ցորաբերդ "
Ամրոց " Ցորաբերդ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   3-17-րդ դարեր

Դիզակ գավառի հնագույն բերդ-ամրոցներից է: Վաղ միջնադարյան աղբյուրներում հիշատակվում է նաև որպես բերդաքաղաք: Ամրոցը կոչվում է նաև Վելիջան իշխանի անունով: Երբեմնի ամրոց-բնակավայրից պահպանվել է պարիսպների, առանձին շինությունների ավերակներ: Պարսպի բարձրությունը 3մ-ից ավելի է:

Մանրամասն...
Ամրոց " Պողոսեն բերդ "
Ամրոց " Պողոսեն բերդ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ավդուռ գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Ամրոց-բնակատեղին գտնվում է Ավդուռի կիրճից լեռնաշխարհի խորք տանող անցուղու վերին հանգույցում: Ամրոցի գագաթնամասը հարթ է: Բլուր-բարձունքի շրջագծով՝ շուրջ 200մ պարագծով անց էր կացված պարսպապատ: Այն աչքի է ընկնում մեծածավալ բնակտոր, ճեղքված քարերով և չոր շարվածքով: Նկատելի են պարսպապատի առանձին հատվածները, որոնք կազմում են բլրի գագաթը եզերող մի ամբողջական պաշտպանական գիծ: Տարածքում պահպանվում են մեկ տասնյակից ավելի տների կամ կացարանների ավերակներ, որոնք տարբեր չափերի են:

Մանրամասն...
Ամրոց " Կուսաբերդ "
Ամրոց " Կուսաբերդ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Բերդաշեն գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2 հազ. - 13-րդ դար

Ամրոցը տեղակայված է թեքադիր սարահարթի վերին արևմտակողմ գագաթին: Սարահարթի գագաթնամասում է եղել միջնաբերդը, ուր պահպանվել են ժայռափոր ջրամբարը և շուրջ երկու տասնյակի հասնող շինություններ, որոնք ունեցել են բնակելի ու տնտեսական նշանակություն: Որոշ շինություններ եղել են աղյուսաշեն, որի մասին վկայում են թրծված աղյուսի և սալիկների մնացորդները: Ամրոցի տարածքից հայտնաբերվել են տարբեր նշանակության ու ժամանակաշրջանի կավե սափորներ, խեցեղեն իրեր, օբսիդիանի գործիքներ և այլն:

Մանրամասն...
Ամրոց " Շրմանա քերծ "
Ամրոց " Շրմանա քերծ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գիշի գյուղ
Ժամանակը՝   Վաղ միջնադար՝ 4-8-րդ դարեր

Այս ուշագրավ հուշարձանը, որ զբաղեցնում է բացառիկ մեծ տարածություն, գտնվում է բարձրադիր <<Շրմանա քերծի>> վրա: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, հուշարձանն ունեցել է 3 միջնաբերդ, որոնցից գլխավորը գտնվում է կենտրոնում: Բուն ամրոցն արևելյան, հարավային և արևմտյան կողմերից շրջափակված է եղել ամրոցապատերով, որոնց լայնությունը 2մ-ից ավելի է: Արևմտյան կողմում պարսպապատի երկարությունը 250-300մ է, հյուսիսային կողմից մոտ 500մ: Հարավային հատվածներում պարիսպների հետքեր չեն նկատվում և ըստ էության գրեթե չեն էլ եղել, քանզի այդ հատվածը դժվարանցանելի է:

Մանրամասն...
Ամրոց " Ղլեն խութ "
Ամրոց " Ղլեն խութ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գիշի գյուղ
Ժամանակը՝   4-16-րդ դարեր

Ամրոցը տեղակայված է գյուղից 3կմ հյուսիս, բանուկ ճանապարհի աջակողմյան բարձրավանդակի վրա: Տարածքը շուրջ 0.5 հա է: Պատերի հետքերը տեղ-տեղ նշմարելի են: Նկատելի են նաև երկու տնատեղիների հիմքերը: Ավերակված է, արտաքուստ՝ հարթ: Բուն հնավայրն ունի 45մ երկարություն և 37.5մ լայնություն: Ըստ տեղում կատարած ուսումնասիրությունների, այս հինավուրց բնակատեղին վերաբերում է 4-րդ դարից հետո ընկած ժամանակաշրջանին: Ըստ առանձին վկայությունների, <<Ղլեն խութը>> գոյատևել է մինչև 16-րդ դարի առաջին կեսը:

Մանրամասն...
Աղբյուր " Ժեշտած "
Աղբյուր " Ժեշտած " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Խերխան գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Աղբյուրը գտնվում է գյուղի կենտրոնում: Կամարակապ աղբյուր է՝ քարաշեն նավով: Շինարարական արձանագրություն չի պարունակում: Ճակատը սրբատաշ է: Կամարի վերնամասը, նրա վրա նստած թաղը՝ խարխլված են և գտնվում են վթարային վիճակում: Աղբյուրի սալապատ ծածկը քանդված է, հեռացված և փոխարինված մետաղյա թիթեղով, որի պատճառով էլ ստացել է ներկայիս անվանումը:

Մանրամասն...
Ամրոց " Ճարտարի բերդ "
Ամրոց " Ճարտարի բերդ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գյունե Ճարտար գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 1դ. - 13-րդ դար

Ամրոց-հուշարձանը տեղակայված է գյուղից հարավ-արևմուտք, բարձրադիր լեռան վրա: Նախկինում այն մոտակա <<Շրմանա քերծ>> ամրոցի հետ ըստ էության պաշտպանական մի ամբողջություն էր կազմում, քանզի գտնվում է նրա մերձակայքում, 300 - 400մ հեռավորության վրա: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, ամրոցը հիմնականում դիտակետի դեր է խաղացել: Գագաթնամասում, մուտքի եզրին կա մի ավերակված աշտարակ, իսկ կենտրոնում պահպանվել են ուղիղ հատակագծով կրաշաղախ շինության ավերակները:

Մանրամասն...
Ամրոց " Օռած թումբ "
Ամրոց " Օռած թումբ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Մյուրիշեն գյուղ
Ժամանակը՝   7-13-րդ դարեր

Ամրոցը գտնվում է գյուղի հյուսիսային եզրին: Հատակագծում ունի հավասարաթև եռանկյունու տեսք: Կենտրոնում գտնվում է միջնաբերդը, որի հարավ-արևելյան մասը կտրված է մարդու կողմից, փորված 4մ խորությամբ, 6մ լայնությամբ, 25մ երկարությամբ խրամատ, որը միջնաբերդը անջատում է բլրաշղթայից:

Մանրամասն...
Ամրոց " Բերդահոնջ "
Ամրոց " Բերդահոնջ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   8-14-րդ դարեր

Գոռոզ բերդը, որը ներկայումս կրում է Բերդահոնջ անվանումը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Ներքին Թաղավարդ գյուղից հարավ-արևելք, 4 կողմերից առանձնացված մի ձվաձև լեռան վրա: Ժայռազանգվածը շրջափակված է 4-9մ բարձրության կրկնապարիսպներով և զբաղեցնում է ավելի քան 2370 քառ. մետր տարածք: Պարիսպներն ունեին աշտարակներ, որոնք ամբողջապես չեն պահպանվել: Ամրոցի միակ մուտքը հյուսիս-արևելյան կողմից է, որտեղից անցում է կատարվում նախ պարսպի առաջին շերտը, որից հետո՝ միջնաբերդ, որը համեմատաբար փոքր չափեր ունի: Պահպանվել են նաև այլ շինությունների ավերակներ:

Մանրամասն...
Ամրոց " Ջաղադուզ "
Ամրոց " Ջաղադուզ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Սարգսաշեն գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - մ.թ 3-րդ դարեր

Գտնվում է գյուղի արևելյան եզրամասում, Լվաց գետի ձախ ափին բարձրացող լեզվակաձև ժայռային հրվանդանի վրա: Հուշարձանից պահպանվել է միջնաբերդի պարսպաշարի զգալի հատվածները մինչև 1.5մ բարձրությամբ: Միջնաբերդը տեղադրված է ժայռի հարավային պռնկին, որի ստորոտում տարածվել է բնակատեղին: Սա ըստ էության ամրոց-բնակավայր է եղել, որի մնացորդների վրա ներկայումս գտնվում է Սարգսաշեն գյուղի <<Գյունե>> կոչված թաղամասը բնակելի և օժանդակ շինություններով ու տնամերձերով: Ամրոցի տարածքից հավագված վերգետնյա խեցեղենը վերաբերվում է գերազանցապես անտիկ դարաշրջանին, բայց հանդիպում են նաև զարգացած միջնադարին բնորոշ նմուշներ:

Մանրամասն...
Ամրոց " Դահրազ "
Ամրոց " Դահրազ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Դահրազ գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Կառուցված է սպիտակ, կոպտատաշ կրաքարով և կրաշաղախով: Պատերի հիմնական մասը պահպանվել է: Լավ վիճակում են հյուսիսային պարսպապատերը, որոնք ամրացված են աշտարակներով:

Մանրամասն...
Ամրոց " Պուլուր պուտնը "
Ամրոց " Պուլուր պուտնը " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ծաղկաշատ գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դարեր

Ամրոցը գտնվում է մի բլրի վրա, ավերակված վիճակում է: Կառուցված է եղել տեղական կոպտատաշ և անմշակ կրաքարերով: Ըստ երևույթի ամրոց-դիտակետը վերահսկել է Խաչենագետի հովտից դեպի նախալեռնային շրջանները տանող ուղիները:

Մանրամասն...
Ամրոց " Կաչաղակաբերդ "
Ամրոց " Կաչաղակաբերդ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խաչեն գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ. - 13-րդ դար

Կաչաղակաբերդը Խաչենագետի գետահովտի նշանավոր ամրոցներից է: Կաչաղակաբերդ անվանումը կապված է այն ավանդության հետ, թե անցյալում պարտություն չտեսած և համառ դիմադրությամբ հռչակված ամրոցի պաշտպանները, երկար ժամանակ ջուր ու սննդամթերք չունենալով, նահատակվում են, բայց չեն հանձնվում թշնամուն: Իսկ երբ կաչաղակներն ու մյուս գիշատիչ թռչունները սկսում են աղմուկ-աղաղակով պտույտներ գործել ամրոցի վրա, թշնամին կռահում էր, որ պաշտպանները կենդանի չեն: Ամրոցը ընդհուպ մինչև 10-րդ դար կոչվում էր Խաչենի բերդ, որից էլ տեղի իշխանությունը ստացել է Խաչեն անվանումը: Տեղադրված լինելով լեռնաշխարհի գրեթե կենտրոնում՝ ամրոցը Խաչեն արշավող թշնամական զորքերի առաջխաղացման գլխավոր խոչընդոտներից մեկն էր: Գանձասարի վանքի շրջակայքում գտնվող մյուս ամրոցների՝ Ծիրանաքար, Շիկաքար, Խոխանաբերդ, Դեդ, Բերդաքարի հետ միասին այն հզոր վահան էր ոչ միայն հռչակավոր վանքի, այլև ընդհանրապես երկրամասի պաշտպանությունը կազմակերպելու համար: Տարածքում կան զանազան շինությունների ավերակներ, որոնց թիվն անցնում է մեկ տասնյակից: Դրանց մեջ լավ պահպանված շինություններից է կենտրոնական մասում գտնվող ջրավազանը:

Մանրամասն...
Ամրոց " Շիկաքարի բերդ "
Ամրոց " Շիկաքարի բերդ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խրամորթ գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ. - 5-7-րդ դարեր

Արցախ երկրամասի ամենանշանավոր հնավայրերից է: Հիշատակվում է հայկական ու արաբական միջնադարյան աղբյուրներում: Հետագայում՝ 17-18-րդ դդ. գլխավոր սղնախներից մեկն էր: Բերդամրոցը Արցախի նշանավոր իշխան Սահլ Սմբատյանի (9-րդ դար) նստավայրն էր, որը միաժամանակ Հայոց, Վրաց և Աղվանից տիրակալն էր: 837թ.-ին Սահլ Սմբատյանը այս ամրոցում է բռնում ու կալանավորում հայ ժողովրդի համար պատուհաս դարձած, աղանդավորական շարժման պարագլուխ Բաբեկին և հանձնում արաբներին: Ներկայումս հնավայրում պահպանվել են քարեդարյան քարանձավային կայաններ, բրոնզեդարյան դամբարաններ, Շիկաքար բերդ-ամրոցի միջնաբերդը ու բնակատեղին, երկու գերեզմանոցներ, գյուղատեղին եկեղեցիով:

Մանրամասն...
Ամրոց " Հարու բերդ "
Ամրոց " Հարու բերդ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Հարավ գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դարեր

Ամրոցը գտնվում է գյուղից հյուսիս՝ մարմարի հանքի մոտ: Ամբողջությամբ շրջափակված է ժայռապատնեշներով: 150մ երկարությամբ և 90մ լայնությամբ բարձրավանդակ ժայռի վրա տնատեղերի կամ այլ շինությունների՝ ներառյալ պարսպապատերի հետքեր չեն նկատվում: Տնատեղերի փոսորակներ և մինչև 1մ բարձրությամբ տների պատերի մնացորդներ կան ժայռի տակ, հատկապես հարավ-արևմտյան հատվածներում: Մի ժայռաբեկորի վրա առկա է վիմական արձանագրություն, որը հողմնահարված լինելով, դժվարընթեռնելի է: Ամրոցի մուտքը հյուսիս-արևելյան կողմից է: Պատմական աղբյուրներում միայն մեկ հիշատակություն կա այս ամրոցի մասին, որը վերաբերում է 12-րդ դարին, սելջուկ թուրքերի արշավանքների առիթով:

Մանրամասն...
Ամրոց " Բադարայի բերդ "
Ամրոց " Բադարայի բերդ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Պատարայի գետահովիտը հարուստ է պատմա-ճարտարապետական մեծարժեք հուշարձաններով, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է գրավում ամրոցը՝ մի բարձրադիր սրածայր ժայռի գագաթին՝ գյուղից հարավ-արևմուտք: Կրում է նաև "Պյորթ" անվանումը: Ամրոցի գագաթնամասի հյուսիսային կողմը հիմնականում հարթ է, հարավակողմը՝ թեքադիր իջվածք: Այն զբաղեցնում է 200 քառ. մետրից քիչ ավելի մակերես: Վերնամասում ամրոցի երկարությունը 15 մ է, լայնությունը 7.8մ: Շրջագծով, գրեթե ամբողջությամբ եղել է պարսպապատ՝ անկյուններում՝ աշտարակներ: Համեմատաբար լավ են պահպանվել ամրոցի արևելյան և հարավ-արևելյան հատվածները: Արևելյան պատն ունի 7.5մ երկարություն և 90 սմ լայնություն: Պատարայի ամրոցը Խաչենի ռազմավարական մեծ նշանակություն ունեցող պաշտպանական հանգույցներից է, պատարայի հովտի միակ և գլխավոր ամրոց-դիտակետը: Ըստ տեղում կատարած ուսումնասիրությունների, այն վերաբերում է 12-13-րդ դարերին:

Մանրամասն...
Ամրոց " Պուլուր թափա "
Ամրոց " Պուլուր թափա " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Քռասնի գյուղ
Ժամանակը՝   7-13-րդ դարեր

Գտնվում է Քռասնի գյուղից 2,6 կմ հյուսիս, Կառկառ գետի հովտի արևելյան դաշտավայրի վրա իշխող, միայնակ կանգնած կլորավուն, կոնաձև, բարձր բլրի գագաթին: Գագաթի թեթև գոգավորություն ունեցող հարթակից բացվում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքների համայնապատկերը: Ամրոցի միջնաբերդը զբաղեցնում է բլրի գագաթի հարթությունը, որը կրկնելով ժայռաբլուրի ուրվագիծը ունի կլորավուՆ հատակագիծ մոտավորապես 50 X 40 մ. չափերով: Պարսպապատը նկատելի է հյուսիս և հյուսիս- արևելյան կողմերից: Նրա ուղղությունը ուրվագծվում է մերկացած մանր քարալիցքերի ու հատվածաբար երևացող առանձին քարերի տեսքով: Միջնաբերդի կենտրոնում, նրա ամենաբարձր կետում, գետնի մակերեսի ներճկված իջվածքների տեքով նշմարվում են երկու սենյակներից բաղկացած մեծ շինության հետքերը: Նման մի երկսենյականոց շինություն նկատվում է նաև անմիջապես միջնաբերդի շրջապարսպի հյուսիս-արևելյան անկյան տակ: Այստեղ ամրոցի շրջապարսպից դուրս, մինչև ժայռաքերծերի գիծը առկա է թեքությամբ իջնող զգալի տարածք: Այս ուղղությունից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով ամրոցի պարսպաշարի տակ, դրսից, փորված է մոտ 3-4 մետր լայնությամբ խրամատ, որը ուրվագծվելով որպես երկարաձիգ գոգավոր ներառնում է միջնաբերդը հյուսիսից ու հյուսիս-արևելքից: Դատելով տեղանքի ռելիեֆի առանձնահատկություններից, կարելի է ենթադրել, որ խրամատը դրսից եզերված ե եղել պարսպով որը հնարավոր է, կազմել է միջնաբերդի պաշտպանական համակարգի երկրորդ գիծը: Ամրոցը զգալի վերապահումով կարելի է թվագրել 7-13 րդ դարերով:

Մանրամասն...
Ամրոց " Ջլղավար "
Ամրոց " Ջլղավար " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Քռասնի գյուղ
Ժամանակը՝   վաղ միջնադար

Զբաղեցնում է գյուղից 1,2 կմ արևելք ընկած "Ջլղավար" կոչվող հանդամասից դեպի դաշտավայրը իջնող դաշտամիջյան ճանապարհի եզրին բարձրացող կոնաձև բլրի գագաթը: Բլուրը երեք կողմերից եզերված է զառիթափ, անմատչելի քերծերով և միայն զգալի թեքություն ունեցող հյուսիս-արևելյան լանջով է հնարավոր մոտենալ ամրոցին: Բլրի գագաթը կազմված է իրարից 2-3 մ բարձրությամբ տարբերվող նիշերի վրա գտնվող երկու, համեմատաբար հարթ, ոչ մեծ, հրապարակներից, որոնցից ներքևինը (հյուսիսայինը) ամրացված է եղել պարսպապատով իսկ վերևինը (հարավայինը) երեք կողմերից բացարձակապես անմատչելի լինելով, միայն ներքևի հրապարակի շփման գծով է ամրացվել: Պարսպապատերը գրեթե ամբողջ ընթացքում ծածկված Են հողաշերտով և միայն մի երկու-երեք կետերում կարելի է տեսնել դրանց միջին չափի քարերից կրաշաղախով կապակցված շարի պատառիկները: Վերևի հրապարակի մակերեսը ժայռային է և այստեղ շինության հետքեր չեն նկատվում: Ներքևի հրապարակը ունի պահպանված զգալի մշակութային շերտ և գանձախույզների կողմից փորված բազմաթիվ փոսորակներում կարելի է նկատել քարաշեն պատերի հետքեր՝ վաղ միջնադարին բնորոշ սակավաթիվ խեցեղեն բեկորներով: "Ջլղավար" ամրոցը կարելի է վերագրել վաղ միջնադարի կենտրոնական ամրացված բնակավայրերի պաշտպանական համակարգի մեջ մտնող սատելիտ ամրոց-հենակետերի կամ ամրոց-պահակակետերի շարքին:

Մանրամասն...
Ամրոց " Չանախչի "
Ամրոց " Չանախչի " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ավետարանոց գյուղ
Ժամանակը՝   13-19-րդ դարեր

Գտնվում է Չանախչի գետակի ձախակողմյան վերնամասում: Ամրոցը բաղկացած է 2 բաժանմունքից: 1-ին բաժանմունքը՝ միջնաբերդն է, որի ներսում Կուսանաց անապատն է: 2-րդ հատվածը տեղադրված է բարձունքում, որն ի տարբերություն առաջինի, ունի ավելի փոքր չափեր:

Մանրամասն...
Ամրոց " Շահբուլաղ "
Ամրոց " Շահբուլաղ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Տիգրանակերտ տեղավայր
Ժամանակը՝   18-րդ դար

Գտնվում է Խաչենագետի աջ ափին, Շահբուլաղ աղբրի մոտ: Ունի քառակուսի հորինվածք: Պատերն ու աշտարակները ավարտվում են ատամնաշարով: Երկարությունը ներսից (2-րդ հարկում), հյուսիսային կողմից՝ 27.7մ է, դեպի հարավ՝ 29մ: Ամրոցապատերը ունեն 2.2-ից 2.3մ հաստություն:

Մանրամասն...
Ամրոց-բնակատեղի <<Խոխանաբերդ>>
Ամրոց-բնակատեղի <<Խոխանաբերդ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   7-9-րդ դդ

Խոխանաբերդ ամրոցը տեղադրված է Խաչենագետից հարավ՝ լեռան վրա: Համաձայն պատմական աղբյուրների, ամրոցը կառուցվել է 7-9-րդ դարերում: Այժմ բնակատեղիից պահպանվում են տների մնացորդները` ծածկված հողի շերտերով:

Մանրամասն...
Ամրոց <<Սանգյառ>>
Ամրոց <<Սանգյառ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մաղավուզ գյուղ
Ժամանակը՝   7-18-րդ դդ

Հուշարձանը գտնվում է անտառապատ վայրում՝ լեռան գագաթին: Պահպանվել են մինչև 0,5մ բարձրությամբ պատերը

Մանրամասն...
Ամրոց-քաղաքատեղի <<Մայրաքաղաք>>
Ամրոց-քաղաքատեղի <<Մայրաքաղաք>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մաղավուզ գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Հուշարձանը տեղադրված է լեռնալանջին: Տները և այլ շինությունները կառուցվել են անկանոն տեղադրությամբ: Դրանցից համեմատաբար լավ են պահպանվել ապարանքի հյուսիս-արևմտյան բարձր բլրի վրայի 2 կից սենյակների պատերը, աշտարակաձև կառույցները և այլն: Կառույցները, որոնք պատկանել են Ջրաբերդի մելիք Ադամին, վերաբերում են 18-րդ դարի երկրորդ կեսին: Այն եղել է Ջրաբերդի մելիքական կարևոր ռազմաքաղաքական հենակետերից մեկը և ուշ միջնադարյան քաղաքաշինության ուշագրավ օրինակ է:

Մանրամասն...
Ամրոց <<Հակառակաբերդ>>
Ամրոց <<Հակառակաբերդ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չափար գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դդ

Հուշարձանը զբաղեցնում է ոչ մեծ տարածք: Այն պաշտպանական նշանակություն ունեցող մի կառույց է: Պահպանվել են մինչև 9մ բարձրությամբ պատերը: Հյուսիսային կողմում եղել են աշտարակներ, որոնք հիմնականում ավերված են

Մանրամասն...
12
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը