Ս. Հարություն եկեղեցին գտնվում է կանգուն վիճակում: Միանավ բազիլիկ է, թաղակապ, ունի երեք պատուհան, որոնք բացվում են արևելյան, հարավային և արևմտյան կողմերից: Ուղղանկյուն հատակագծով այս հուշարձանը հիմնականում կառուցված է կոպտատաշ քարերով: Մուտքի, պատուհանների եզրամասերը կրաքարից են՝ սրբատաշ: Սրբատաշ է նաև բարավորը, որի վրա հուշարձանի կառուցման արձանագրությունն է. << Յշկե (հիշատակ է) Սբ Հարութեն եկեղեցիս Մելիք Եկանին կողագից Կոզալի Սրդարաբէկն Իսայիբեկն...թվ ՌՃՂ (1741թ.) շինվեցաք, օվ կարթա ԱԾ ողորմեա ս(բ) Հայր >>:
Մանրամասն...Գրիգոր Նարեկացի եկեղեցին կոչվում է նաև Նարեկավանք: Հուշարձանը մասնակիորեն քանդված է: Խորանը կիսավեր է, ծածկը՝ քարաշեն, կրաշաղախով, տանիքը՝ թաղակապ: Մուտքը միայն արևմուտքից: Ըստ շինարարական արձանագրության, որ պահպանվում է մուտքի մոտ և ներսում՝ սյան վրա, եկեղեցին կառուցվել է ՌՂԴ (1645) թվականին: Սյան վրա զետեղված արձանագրությունը վկայում է, որ հուշարձանը կառուցվել է Հովհաննես վարդապետի հիշատակին: Եկեղեցին ուշագրավ է խաչազարդ սյուներով ու քանդակազարդումներով, ինչպես նաև արձանագիր մի շարք խաչքարերով, որոնք պարունակում են նրբին բուսական (ծաղկային) քանդակներ ու մեծավմասամբ արարչական նշանակություն ունեն: Դրանք հիմնականում ագուցված են եկեղեցու պատերին՝ տարբեր հատվածներում և ունեն փոքր չափեր:
Մանրամասն...Տեղակայված է Հին Թաղասեռի արևակող բլրակի ստորոտում: Եկեղեցին, որ կոչվում է Ս. Աստվածածին, չորս մայթերով եռանավ բազիլիկ է: Ունի շինարարական երկու արձանագրություն՝ մուտքի բարավորի վրա և ներսում, որոնցից պարզվում է, որ այն հիմնադրվել է 1635թ.: Բավականին մեծ շենք է, թաղակապ՝ առնված երկթեք տանիքի տակ, որը ներկայումս կղմինդրապատ է: Արևելյան կողմում պահպանվում են երկու խորան-ավանդատները, բեմը ներկայումս ավերակված է: Եկեղեցին շարված է կիսատաշ որձաքարերով, կրաշաղախով, պատերի մեջ օգտագործված են քանդակազարդ խաչքարեր: Մուտքը՝ երիզված գեղեցկահյուս զարդաքանդակներով, արևմտյան կողմից է:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է գյուղից 1 կմ արևմուտք, երկու ձորակներով կազմված հրվանդանի բարձրադիր կետում: Այստեղ եղել է մենաստան-անապատ, որը ժողովրդական բարբառով << Նապատ >> է կոչվում: Պահպանված միանավ, թաղակապ եկեղեցին կիսավեր վիճակում է: Տանիքը մեծավմասամբ փլված է, բացառությամբ արևելյան փոքր հատվածի: Կառուցված է տեղական կրաքարե անմշակ թերթաքարով և կրաշաղախով: Մուտքը արևմտյան կողմից է: Եկեղեցին ունեցել է 3 պատուհան, որոնք բացվում էին արևելյան, հարավային և արևմտյան կողմերից: Արևելյան կողմում ունի կիսաշրջան խորան, երկու կողային ավանդատներով: Պատերի շարվածքի մեջ օգտագործված են խաչքարեր: Եկեղեցու մոտ եղել է գերեզմանոց, իսկ շրջակայքում նկատվում են շինությունների հետքեր: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, հուշարձանը թվագրվում է 17-րդ դարով:
Մանրամասն...Գտնվում է գյուղի հյուսիս-արևմտյան եզրի բլրալանջին: Միանավ բազիլիկ շինություն է՝ կիսաշրջան խորանով: Կառուցված է տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Անկյունաքարերը սրբատաշ են: Միակ մուտքը հարավային ճակատից է: Այստեղ է նաև միակ ուղղանկյուն լայն պատուհանը: Մուտքի վերնամասում, ճակատային քիվի տակ տեղադրված է 1896 թ. թվագրված շինարարական արձանագրությունը:
Մանրամասն...Գտնվում է Դիզափայտ լեռան վրա: Լեռնագագաթը, որտեղ տեղակայված է հուշարձանը, ԼՂՀ տարածքի գլխավոր ու պատմական սրբավայրերից է: Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ՝ երկթեք ծածկով: Միանավ բազիլիկ է՝ կառուցված կիսամշակ տեղական կրաքարով: Միակ մուտքը բացվում է արևմուտքից, պատուհանները՝ արևելյան և հարավային կողմերից: Ըստ բարավորի վրայի արձանագրության Սբ տաճարը վերաբերում է Հակոբին և վերաշինվել է ըստ էության 19-րդ դարում: Բուն հուշարձանը, դատելով տեղում պահպանված խաչքարերի մնացորդներից, վերաբերվում է 17-րդ դ.:
Մանրամասն...Հուշարձանը տեղակայված է Խանձաձոր գյուղի հարավ-արևելյան բարձրադիր թաղամասում: Կառուցված է տեղական կրաքարերով: Թաղակապ, միանավ բազիլիկա է, ծածկը՝ թիթեղապատ: Ունի ուղղանկյուն հատակագիծ (չափերը՝ 14 x 6 x 7մ): Միակ մուտքը բացվում է հարավային պատից: Տարբեր կողմերից բացվում են թվով 7 պատուհաններ: Մուտքի աջ ու ձախ կողմերում պատի մեջ ագուցված են մեկական 17-րդ դ. բնորոշ խաչքարեր, որոնցից աջակողմյանը պարունակում է արձանագրություն: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, նախկինում այստեղ եղած եկեղեցու տեղում, նկատի ունենալով վերոհիշյալ խաչքարերի առկայությունը:
Մանրամասն...Եկեղեցին տեղակայված է գյուղի հին թաղամասում, ՀՄՊԶ հուշարձանի հարևանությամբ: Կառուցված է տեղական կրաքարով: Թաղակապ, միանավ բազիլիկա է, ծածկը՝ թիթեղապատ: Միակ մուտքը բացվում է հարավային պատից, կառուցվել է 19-րդ դարում:
Մանրամասն...Գյուղից արեւմուտք գտնվող այս հուշարձանը, տեղակայված է << Եղցուն ձոր >> գետակի աջ ափին: Եկեղեցին գրեթե կիսավեր վիճակում է: Ծածկը չի պահպանվել, փլված են նաեւ հարավային եւ հյուսիսային պատերը: Մասամբ լավ վիճակում է արեւելյան պատը: Միակ մուտքը բացվում է արեւմուտքից, արեւելյան եւ արեւմտյան կողմերից բացվում են մեկական պատուհաններ: Բուն հուշարձանն ամբողջապես կառուցված է տեղական սպիտակ-դեղնավուն կրաքարով:
Մանրամասն...Գտնվում է Ծակուռի և Թաղոտ գյուղերի արանքում, գետակի աջ ափին, Հադրութ տանող ճանապարհի ձախ եզրին: Հնագույն վանքից պահպանվել է միանավ եկեղեցին, որն ըստ արձանագրության, կառուցվել է 1670թ.: Թաղակապ ծածկը, որ հենվում էր չորս մույթերի վրա, փլված է: Բեմի երկու կողմերում, պատի մեջ ագուցված են փոքրաքանդակ խաչքարեր: Մեկի վրա արձանագրված է << Խաչս Թադևոսի>>, իսկ մյուսի՝ << Խաչս Հալոյի>>, որոնք թեև թվակիր չեն, բայց վերաբերում են 17-րդ դարին:
Մանրամասն...Գտնվում է Ծակուռի գյուղի կենտրոնում: Նախկին համալիրից պահպանվում է միայն կաթողիկեն: Ունի արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագիծ: Դահլիճի գրեթե քառակուսի համաչափությունը պայմանավորված է հարավային և հյուսիսային պատերի լայն բացվածքի կամարախորշերով: Ներքուստ սվաղված է, սյուները, կամարները, որմնախորշերը, բեմի ճակատի քիվերը շարված են սրբատաշ կապտավուն քարերով, իսկ կողապատերը՝ տեղական կոփածո կայծքարով: Պատերի հաստությունը մեկ մետրից ավելի է: Ձախ խորանի առաստաղին քանդակված է օձի պատկեր: Հուշարձանը նախկինում ունեցել է գմբեթ, որն այժմ չի պահպանվում: Այստեղ պահպանված հնագույն խաչքարն ըստ արձանագրության կերտվել է 1198թ., որը ցույց է տալիս, որ ներկայիս եկեղեցու տեղում դեռևս 12-րդ դարում մեկ այլ շինություն կար: Եկեղեցու շքամուտը մի եզակի ստեղծագործություն է: Զարդաքանդակների մեջ ստալակտիտների կիրառումը սերտորեն կապված է հայկական, այդ թվում նաև տեղական ավանդությունների հետ և, անտարակույս, այդ ավանդությունները հարստացնող լավագույն օրինակներից մեկն է:
Մանրամասն...Հուշարձանը տեղակայված է գյուղի կենտրոնում: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է տեղական կրաքարերով: Մուտքի հատվածը և ներքուստ՝ երկու կենտրոնական զույգ մույթերը սրբատաշ քարից են: Եռանավ բազիլիկա է: Ծածկը թիթեղաշեն է, տանիքը՝ թաղակապ: Եկեղեցու տարբեր կողմերից բացվում են հինգ փոքրիկ պատուհաններ: Միակ մուտքը հարավային կողմից է: Պատերի մեջ ագուցված են 17-րդ դարին բնորոշ խաչքարեր, որը ցույց է տալիս, որ եկեղեցին վերանորոգված է և, դատելով մուտքի բարավորի քանդակազարդ շրջանակ-քարից, այն իրականացվել է 19-րդ դարի վերջերին:
Մանրամասն...Գտնվում է գյուղի կենտրոնում մեծ թեքություն ունեցող լանջի վրա: Եկեղեցին արևելյան ճակատով դուրս է գալիս գյուղամիջյան ճանապարհի վրա, իսկ արևմտյան ճակատը ամբողջովին ձուլվում է թեք լանջի հետ: Միանավ թաղակապ եկեղեցի է, լայն կիսաշրջան խորանով ու երկու ավանդատներով: Միակ մուտքը հարավային ճակատից է, որտեղից բացվում է մեկ լայն պատուհան: Թաղը ամրացված է երկու սրբատաշ կամարներով. որոնք հենվում են հարավային և հյուսիսային պատերի որմնասյուների վրա: Եկեղեցու հարավային կողմում, խորհրդային շրջանում կառուցվել է գյուղի ակումբը, որը ներկայումս փլուզվելով կիսով չափ, ծածկել է եկեղեցու մուտքը:
Մանրամասն...Միանավ բազիլիկը կառուցված է տեղական անմշակ ու կոպտատաշ կրաքարով: Միակ մուտքը բացվում է արևմտյան կողմից: Արևելյան կողմից բացվում է 1, հարավային կողմից՝ 2, արևմտյան կողմից՝ 1 պատուհաններ: Ծածկը թիթեղաշեն է, տանիքը՝ թաղակապ: Ներքուստ և մուտքի աջ կողմում կան մեկ տասնյակ խաչքարեր: Բեմի վրա տեղադրված է մոխրագույն բազալտից կերտված ժամանակակից խաչքար:
Մանրամասն...Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ: Եռանավ բազիլիկա է: Չնայած դահլիճը ծավալատարածական առումով այնքան էլ մեծ չէ, բայց ունի երկու սյուն, որոնց վրա հենված կամարների վրա երկթեք տանիքն է՝ թաղակապ հորինվածքով: Կառուցված է կոպտատաշ քարերից՝ կրաշաղախով: Կամարների, դռան, լուսամուտների եզրաքարերը սրբատաշ են:
Մանրամասն...Գտնվում է Հադրութ քաղաքի պատմական տարածքում, կառուցվել է 1621թ.: Միանավ բազիլիկ է, ներսում աչքի են ընկնում թաղերը, որոնցից ձգվող կամարները հենվում են որմնասյուների վրա: Արևելյան կողմից ունի կիսակլոր խորան, որի կողքերին կան ավանդատներ: Եկեղեցու թաղակապ, ուղղանկյուն, դահլիճի մեջտեղում, շրջանաձև երդիկի վրա բարձրանում է գմբեթը: Եկեղեցին կառուցված է անմշակ, իսկ գմբեթը՝ սրբատաշ քարերով: Ունի չորս պատուհան: Միակ մուտքը բացվում է արևմտյան կողմից: Հուշարձանը պարունակում է մի շարք արձանագրություններ, որոնք ուշագրավ տեղեկություններ են հաղորդում ինչպես բուն եկեղեցու, այնպես էլ՝ շրջանի պատմության մասին:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է գյուղի հարավային մասում: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Միանավ բազիլիկա է, արևմտյան հատվածը՝ մասնակիորեն քանդված: Կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով: Մուտքի, պատուհանների, խորանի և ավանդատների շրջանակները, պատերի անկյունային եզրամասերն ու ներքին կամարները սրբատաշ են: Ունի երեք պատուհան, որոնք բացվում են արևելյան, արևմտյան և հարավային կողմերից: Պատերին ագուցված են մի քանի պարզատիպ խաչքարեր:
Մանրամասն...Գտնվում է գյուղի մեջ: Հուշարձանը 19-րդ դարին բնորոշ միանավ բազիլիկ է՝ շրջափակված բնակելի տներով: Միակ մուտքը բացվում է հարավից: Տանիքը թաղակապ է, ծածկը՝ թիթեղապատ: Կառուցված է տեղական սպիտակ կրաքարով:
Մանրամասն...Հուշարձանը կառուցված է Յուղուսեն լեռան փեշին և հանդիսանում է <<Օխտը դռնի>> վանական համալիրի բաղկացուցիչ մասը: Բազիլիկատիպ շինություն է, ոչ մեծ բարձրությամբ, դեռ պահպանվում են պատերի մնացորդները: Մուտքը հյուսիսային կողմից է:
Մանրամասն...Գտնվում է Մեծ Թաղեր գյուղից 5-6կմ հյուսիս-արևելք, համանուն սարահարթի վրա: Ըստ շինարարական արձանագրության, հիմնադրվել է 1603թ., սակայն շրջապատում գտնվող առանձին տապանաքարեր և խաչքարեր բնորոշ են շատ ավելի վաղ ժամանակաշրջանի 12-13-րդ դարերին: Եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում: Թաղակապ է: Տանիքի առանձին հատվածներ փլված են: Բուն հուշարձանը կառուցված է տեղական սպիտակ անմշակ կրաքարով: Մուտքը արևմուտքից է: Արևելյան և արևմտյան կողմերից բացվում են մեկական պատուհաններ: Հուշարձանի շրջապատում՝ հիմնականում արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում տարածվում է գյուղատեղին և գերեզմանոցը՝ բնորոշ 17-րդ դարին:
Մանրամասն...Գտնվում է գյուղի կենտրոնում: Կրում է նաև <<Շենին եղցե>> անունը: Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է կրաքարով: Միանավ է, տանիքը թաղակապ: Որպես ծածկ օգտագործվել է կղմինդրը: Միակ մուտքը հյուսիսային կողմից է, ունի 7 պատուհան, որոնք բացվում են արևելյան, արևմտյան և հարավային կողմերից: Ըստ մուտքի բարավորի արձանագրության, եկեղեցին կառուցվել է 1846թ-ին:
Մանրամասն...Եկեղեցին տեղադրված է բարձրադիր վայրում՝ շրջապատված ծառերով, թփուտներով: Ուղղանկյուն հատակագծով ներքուստ թաղակապ ու պայտաձև շինություն է: Գտնվում է կիսավեր վիճակում: Հուշարձանի պատերի մեջ ագուցված են մի քանի խաչքարեր ու զարդանախշ բեկորներ՝ բնորոշ 14-17-րդ դարերին:
Մանրամասն...Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Տանիքը թաղակապ է, ծածկը, որ եղել է թիթեղապատ, ներկայումս չի պահպանվում: Մուտքը հարավային կողմից է, ունի հինգ պատուհան, որոնք բացվում են հարավային, արևելյան և արևմտյան կողմերից: Պատերը կոպտատաշ քարից են: Եկեղեցու անկյունային հատվածները կերտված են սրբատաշ կրաքարից: Ներքուստ սվաղված է: Խորհրդային ժամանակներում օգտագործվել է կենցաղային նպատակներով:
Մանրամասն...Եկեղեցին գտնվում է Հին Նորաշեն գյուղի հարավ-արևմտյան եզրին: Միանավ բազիլիկ շինություն է կիսաշրջան խորանով ու երկու ավանդատներով: Միակ մուտքը արևմտյան ճակատից է, որը կիսով չափ թաղված է հողի մեջ, իսկ բարավորի վրա փորագրված է խաչապատկեր և 1892 թվականը, որը եկեղեցու կառուցման տարեթիվն է: Արցախյան պատերազմի ընթացքում եկեղեցու հյուսիսային ճակատին արկի պայթյունից առաջացել է բացվածք: Ծածկը երկթեք է: Եկեղեցին խորհրդային տարիներին վերածվել է պահեստի ու պանրի գործարանի:
Մանրամասն...Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Հյուսիսային կողմից հպված է հողածածկույթին: Կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարով: Մուտքը հարավային կողմից է՝ սրբատաշ, կիսակլոր ձևավորումներով և թվակիր արձանագրությամբ: Ունի վեց պատուհան, որոնք բացվում են հարավային, արևմտյան և արևելյան կողմերից: Թաղակապ է:
Մանրամասն...Եկեղեցին տեղադրված է կոնաձև բլրի գագաթին: Եռանավ բազիլիկա է, վերակառուցված՝ 1742թ.: Արտաքուստ ունի երկթեք տանիք, մուտքը արևմուտքից է՝ մշակված ուշագրավ ստալակտիտային զարդաքանդակներով:
Մանրամասն...Եկեղեցին եռանավ բազիլիկա է՝ ուղղանկյուն դահլիճով: Ավերված է, պահպանվել է միայն խորանի հատվածը: Ըստ պահպանված արձանագրության, կառուցվել է ՌՃԽԷ ( 1698 ) թվականին:
Մանրամասն...Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Միանավ բազիլիկա է, հիմնականում կառուցված տեղական կոպտատաշ քարով: Մուտքի հատվածում ագուցված են երկու խաչքարեր: Ունի 5 պատուհան: Միակ մուտքը բացվում է հարավային կողմից:
Մանրամասն...Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է տեղական սրբատաշ ու կոպտատաշ քարով: Միանավ բազիլիկա է, ներքուստ պահպանվել են 17-րդ դարին բնորոշ խաչքարեր: Մուտքը հարավ-արևմտյան կողմից է: Արևելյան կողմից բացվում է միակ պատուհանը: Տանիքը թաղակապ է, ծածկը թիթեղապատվել է 1886թ-ին, որն այժմ չի պահպանվել:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է գլխավոր եկեղեցու ձախ վերնամասում, կիսավեր վիճակում է: Ունի ուղղանկյուն հատակագիծ, պահպանվել է արևմտյան պատը՝ մուտքով հանդերձ: Միակ պահպանված լուսամուտը գտնվում է արևմտյան մասում:
Մանրամասն...
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը