Հուշարձանների տեղեկատվական շտեմարան
Հուշարձանների տեղեկատվական շտեմարանը եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) էլեկտրոնային տեղեկությունների համակարգ է, որն իր մեջ պարունակում է տեղեկություններ հուշարձանների թվագրության, հասցեի և նշանակության (Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակին համապատասխան), հուշարձանների պահպանական գոտիների, հուշարձանների վկայագրերի, վերականգնված և նորահայտ հուշարձանների, պահպանական պարտավորագրերի մասին:
Արցախի Հանրապետության տարածքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների բնագավառի գործառույթներն իրականացնում են Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության (այսուհետև՝ նախարարություն) աշխատակազմի, զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության համապատասախան բաժինները և համակարգում գործող "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ը
ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն
Նախարարությունն իրականացնում է օրենքով սահմանված հետևյալ իրավասությունները.
-մասնակցում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական քաղաքականության ձևավորմանը:
-ԱՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման գիտամեթոդական կարգը:
-իր իրավասության սահամաններում իրականացնում է պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների տնօրինումը, կատարում դրանց ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքները:
-գրանցում և վերահսկում է հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի և օգտագործման ձևի փոփոխումները:
-վարում է հուշարձանների պետական հաշվառումը (կադաստրը):
-կազմում և սահմանված կարգով հաստատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը և սահմանում դրանց պահպանության ռեժիմը:
-առաջարկություն է ներկայացնում ԱՀ կառավարություն՝ պատմամշակությաին արգելոց ստեղծելու վերաբերյալ:
-ԱՀ կառավարության սահմանած կարգով համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն է տալիս հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, ինչպես նաև հուշարձան համարվող առանձին շինությունների և համալիրների ամրակայման, վերականգնման, փոփոխման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ, դրանց իրականացման ընթացքում վերահսկում հուշարձանների անվթարության ապահովումը:
-թույլատվություն է տալիս հուշարձանների հետախուզման և պեղման աշխատանքների համար, գրանցում դրանքև վերահսկում դրանց կատարման ընթացքը:
"Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ
Կազմակերպության գործունեության նպատակն է պետական սեփականություն հանդիսացող պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական և բնապատմական միջավայրի, լանդշաֆտների, մշակութային այլ արժեքների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը:
Ոչ պետական սեփականություն հանդիսացող պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական եւ բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի, տեղանքապատկերների /լանդշաֆտների/, մշակութային այլ արժեքների նկատմամբ դրանց սեփականատերերի, օգտագործողների և երրորդ անձանց կողմից հուշարձանների պահպանության բնագավառում գործող օրենսդրության եւ ենթաօրենսդրական ակտերի պահանջների կատարման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն ու լիազորված մարմնին ներկայացումը:
Կազմակերպությունն իրականացնում է պատմամշակութային և բնապատմական արգելոցների, պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային հողերի պահպանությունը: Մշակում եւ լիազորված պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում պատմամշակութային եւ բնապատմական արգելոցների, պատմական անշարժ հուշարձանների, բնական հուշարձանների պահպանության և օգտագործման հեռանկարային զարգացման գլխավոր նախագիծը:
Քննարկում և իր իրավասության սահմաններում որոշումներ է ընդունում պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանվածության վտանգի դեպքում ամեն տեսակի աշխատանքների և տնտեսական գործունեության դադարեցման հետ կապված խնդիրների վերաբերյալ: Իրավապահ համապատասխան մարմիններին փոխանցելու նպատակով կազմում է ակտեր եւ արձանագրություններ պատմամշակութային և բնապատմական արգելոցների, և պատմության ու մշակույթի անշարժ առանձին հուշարձաններին, դրանց տարածքներին եւ պահպանական գոտիներին հասցված վնասին համապատասխան պատասխանատվություն սահմանելու համար:
Կազմակերպում է պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման խնդիրներին նվիրված գիտական նստաշրջաններ, համաժողովներ, գիտագործնական սեմինարներ ու խորհրդակցություններ:
Կազմակերպությունը բաղկացած է վեց շրջանային պետական ծառայություններից (Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի), ինչպես նաև երեք արգելոցից ("Տիգրանակերտ" պետական պատմամշակութային արգելոց և "Հունոտի կիրճ", "Ազոխի քարանձավ" պետական բնապատմական արգելոցները):Իրականացնում է "Հուշարձանների տեղեկատվական շտեմարանի" կազմումը և վարումը:
Խորհրդատվական մեխանիզմներ Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը հուշարձանների պահպանության և օգտագործման ոլորտում ունի 3 խորհրդակցական մարմին` փորձագիտական հանձնաժողով, միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով և գիտամեթոդական խորհուրդ: Նրանցում ընդգրկված են հուշարձանների հետազոտման, պահպանության, վերականգնման ու օգտագործման բնագավառների փորձառու մասնագետներ, շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա հաստատվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների, դրանցում նորահայտ օբյեկտների ընդգրկման, դրանց` ըստ բնույթի և նշանակության դասակարգման, հուշարձանների պետական հաշվառման, օգտագործման ու պահպանական գոտիների նախագծերի կազմման գիտամեթոդական սկզբունքները:
Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը հուշարձանների հետախուզման ու հնագիտական պեղումների թույլտվության, նպատակահարմարության, արդյունավետության խնդիրները քննարկող և գիտամեթոդական եզրակացություն տվող մարմին է: Այն մշակում է ԱՀ հնագիտական պեղումների ռազմավարությունը, ընդունում է ամենամյա պեղումների հաշվետվությունները և եզրակացություններ է տալիս հնագիտական հուշարձաններում պեղումներ կատարելու վերաբերյալ:
Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի եզրակացությունները լիազորված մարմնի կողմից հաստատվելուց հետո պարտադիր են հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ իրականացնող իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար:
Գիտամեթոդական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի քննարկմանն է ներկայացվում հուշարձանների պահպանության, վերականգնման հետ կապված յուրաքանչյուր խնդիր: Լիազորված մարմինը հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման համար համաձայնություն տալիս է նախագծային առաջադրանքների ու նախագծային-նախահաշվային լիարժեք փաստաթղթերի առկայության դեպքում և գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացության հիման վրա:
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը